Միջազգային 

Յեմենի իրավիճակը կախված կլինի Թուրքիայի և Իրանի դիրքորոշումից. արաբագետ

analitik.am

Յեմենի շուրջ իրավիճակի հետագա զարգացումը մեծամասամբ կախված կլինի Իրանի և Թուրքիայի դիրքորոշումից, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։



«Յեմենում կատարվող գործողություններն առայժմ կմնան տեղական հակամարտության շրջանակում, իսկ ցամաքային օպերացիայի այժմ չարժե սպասել»,– ասաց Գրիգորյանը։



«Յեմենի զարգացումները ոչ այնքան էթնո–կրոնական են, որքան քաղաքական։ Դա անպայման կազդի տարածաշրջանում ներգրավված ուժերի` Թուրքիայի, Իրանի վրա։ Առավել ևս, որ Իրանը Լոզանի համաձայնագրերից հետո իրեն ավելի վստահ կզգա տարածաշրջանում, մասնավորապես, Յեմենում»,– ասաց Գրիգորյանը։



«Վեցնյակն» ու Իրանն ապրիլի 2–ին Լոզանում պայմանավորվել են, որ ուրանի հարստացման իրանական հզորությունները կդադարեցվեն տասը տարվա ընթացքում։ Բացի այդ, Իրանը պարտավորվում է ուրանի հարստացման իր բոլոր ծրագրերը միջազգային վերահսկողության տակ դնել 25 տարով։ Կողմերը մտադիր են մինչև հունիսի 30–ն ավարտել միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները։ Միաժամանակ ԵՄ–ն կդադարեցնի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե վերջինը կատարի պայմանավորվածությունները։



«Կոալիցիայի օդային հարվածները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կշարունակվեն, մինչև որոշակի փոփոխություններ կատարվեն Յեմենից դուրս, այդ թվում` դա կապված կլինի Իրանի և Թուրքիայի վարքի հետ»,– նշեց Գրիգորյանը։



Արաբագետի խոսքով` Իրանի հիմնական նպատակը Սաուդյան Արաբիան և նրան ոչ բարեկամ երկրները որոշակի հակամարտության մեջ ներգրավելն է, ինչն էլ, փաստորեն, կատարվում է Յեմենում։



«Կոալիցիան բավականին մեծ ռեսուրսներ է օգտագործում այդ գործողությունների համար, քանի որ միայն օդային հարվածներն արդեն իսկ թանկ հաճույք են։ Իսկ Պարսից ծոցի արաբական մենիշխանությունների սահմաններում ծխացող օջախի ստեղծումը, անշուշտ, բխում է Իրանի շահերից»,– ընդգծեց Գրիգորյանը։

Նույն շարքից