Միջազգային 

Rai 1 իտալական հեռուստաալիքն անդրադարձել է Հռոմի պապի մատուցած պատարագին

analitik.am

Rai 1 իտալական հեռուստաալիքի TG1 լրատվական հաղորդումն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագին և դրա ընթացքում նրա հայտարարությանը՝ խոսելով դրանց կարևորության մասին:


Հաղորդավարը նշել է, որ Անկարան երբեք չի ցանկացել 1915-ի դեպքերը «ցեղասպանություն» ճանաչել:

««20-րդ դարի առաջին ցեղասպանություն»՝ կարևոր բառեր, որոնք արտասանել է Ֆրանցիսկոս պապը, քանի որ Թուրքիան շարունակում է ժխտել, որ մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն են եղել»,- ասում է լրագրողը ռեպորտաժում:

 

Լրատվականը նաև նշել է, որ Հռոմի պապը կոչ է արել երկու ժողովուրդներին հաշտեցման ուղին բռնել:

 

Լրատվականը ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը, նշել, որ այն մոդել է ծառայել Հիտլերի համար, ով 1939 թվականին իր ելույթում ասել է. «Ո՞վ է, ի վերջո, այսօր հիշում հայերի բնաջնջման մասին»: Ռեպորտաժն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Իտալիա պաշտոնական այցին:

 

«Չճանաչված ցեղասպանությունը մարդկության ապագայի համար վտանգ է»,- ասել է Հայաստանի Հանրապետության Նախագահը լրատվականին տված հարցազրույցում:

 

«Ցեղասպանությունը ճանաչել՝ նշանակում է ազատվել պատմության բեռից»,- ասել է ՀՀ Նախագահը՝ հավելելով նաև, որ այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Միջին Արևելքում կրոնական փոքրամասնությունների հանդեպ, նույնպես ցեղասպանություն է:

Նույն շարքից