Միջազգային 

G7 երկրների արտգործնախարարները կողմ են Եմենի ապստամբների զենքի մատակարարումն արգելող բանաձևին

analitik.am

G7 երկրների ԱԳ նախարարները ողջունում են ՄԱԿ–ի ԱԽ–ի բանաձևը, որի համաձայն` Եմենում հուսիթներին զենք մատակարարելու գործընթացը պետք է դադարեցվի, չորեքշաբթի նախարարների նիստից առաջ հայտարարել է ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 


«Մենք ողջունում ենք ՄԱԿ–ի ԱԽ–ն ընդունած բանաձևը, որով կարգելվեն զենքի մատակարարումները հուսիթներին։ Այս բանաձևի ընդունումը հնարավոր դարձավ Չինաստանի և Ռուսաստանի կառուցողական դիրքորոշման շնորհիվ», – հայտարարել է նախարարը։



Բանաձևի նախագծով նախատեսվում է սառեցնել հուսիթների առաջնորդների հաշիվներն ու ողջ աշխարհում նրանց ուղևորությունների արգելք սահմանել։ Սպառազինությունների մատակարարումը կարգելվի նաև «նրանց, ովքեր Եմենում գործում են այդ մարդկանց անունից կամ նրանց հրահանգով»։ Փաստաթղթում կոչ է արվում «ՄԱԿ–ի անդամ պետություններին, հատկապես` Եմենին սահմանակից պետություններին ստուգել այդ երկիր ուղարկվող բոլոր բեռները», եթե դրանցում զենք լինելու հավանականություն կա։



ՄԱԿ–ի ԱԽ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ ռուսական կողմի կարծիքով` Եմենին զենք մատակարարելու արգելքը պետք է համապարփակ լինի, բացի այդ փաստաթղթի համաձայնեցման ընթացքում պատշաճ կերպով հաշվի չեն առնվել ռուսական պատվիրակության կառուցողական առաջարկները։ Հեղինակները, մասնավորապես, հրաժարվել են արձանագրել Ռուսաստանի ներկայացրած պահանջը, որով ՌԴ—ն կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին սեղմ ժամկետներում դադարեցնել կրակն ու երկխոսություն սկսել։


Նույն շարքից