Շատերը կարծում են, որ հունվարի 2-ին դրախտի դռները բացվելու են Հայաստանի համար, մինչդեռ պետք է իրատեսական լինել և ասել, որ դա այդպես չէ. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը, ով շեշտեց, թե ԵՏՄ կազմի մեջ մտնելով՝ շատ բան չի փոխվելու, քանի որ այնտեղ նույն այն երկրներն են, որոնց հետ սովետական շրջանից ի վեր հայերը համագործակցում են։
«Ովքեր համագործակցում են, նորից պետք է իրենց հետ աշխատեն։ Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ այս ամեն ինչին քաղաքական աստառ է տրվում: Եթե միանալով ԵՏՄ-ին, ես իմանամ, որ մեկ բեռնատար ավտոյի արժեքն այստեղից Մոսկվա 5000 դոլարի փոխարեն դառնալու է 2500, ես կասեմ՝ կեցցե՛ ԵՏՄ-ն, բայց այդպիսի բան տեղի չի ունենալու»,-ասաց նա և նշեց, թե պետք է ռեալ լինել։
Դիտարկմանը, որ արտահանման պայմանների դյուրացում է լինելու, նա պատասխանեց, որ դրանով ընդամենը լուծվելու է արտահանման ժամանակ արտահանողների որոշակի փաստաթղթերի հարցը և ԵՏՄ-ի կազմի մեջ լինելով՝ արտահանողներն այդ փաթեթը չեն պատրաստելու։
Հարցին, թե այսինքն բիզնեսմենի համար ստեղծվո՞ւմ են լավ գնային պայմաններ, Րաֆֆի Մխչյանը նշեց, թե դեռ ընդհակառակը, ինքը որոշակի մտավախություններ էլ ունի։
«Ես մտավախություններ ունեմ, որ բացասական զարգացումներ լիենեն՝ մեծը փոքրին ուտելու իմաստով: Այսինքն՝ եթե ինչ-որ մի ոլորտ, որն այսօր բավականին զարգացած է Հայաստանում և դրա նմանակը Ռուսաստանում կամ Ղազախստանում, կարող է նա իր արտադրանքով խեղդել Հայաստանի շուկան և մեր տեղացի, լավ, ուժեղ արտադրողի վերջը տալ, ինչո՞ւ չէ»,-ասաց նա։
Հարցին, թե օլիգարխները, հնարավո՞ր է, խնդիրներ ունենան, ասաց, թե մեր օլիգարխները այսօր վատ չեն զգում, վաղն էլ վատ չեն զգա։
«Որովհետև իրենք անձամբ ոչ մի խնդրի հետ չեն շփվում, ինձ համար անձամբ կարևոր է, թե ժողովուրդն իրեն ինչպես կզգա և իմ սպառողը, որ իմ ապրանքը գնում է, առանց թանկացման կարո՞ղ է գնել, թե ոչ»,-ասաց նա։
Իսկ թե ԵՏՄ-ում ինչ ապրանքատեսակներով կարող է Հայաստանը մրցունակ լինել, Րաֆֆի Մխչյանը պատասխանեց, որ ԵՏՄ-ում Հայաստանը միշտ էլ մրցունակ է մշտական ոլորտներում՝ գինեգործություն, կոնյակագործություն, ոսկերչություն, գյուղատնտեսական ապրանքներ։
«Բայց մրցունակ լինելու համար պետք է բավարար քանակություն ունենալ, որ այդ մրցակցությունն ապահովել, այսօր մենք այդպիսի մեծ, հսկայական քանակություններ չունենք»,-ասաց նա:
Սկզբնաղբյուրը՝ tert.am