Միջազգային 

Պուտինը խոսել է Իրանին С-300 մատակարարելու արգելքի մասին

analitik.am

С-300 զենիթային հրթիռները չեն ընդգրկվել ՄԱԿ–ի ԱԽ–ի պատժամիջոցների ցանկում, այդ պատճառով ՌԴ–ն որոշել է միակողմանի կարգով հանել մատակարարման արգելքը, սակայն Մոսկվան գործընկերների հետ միասնաբար կգործի Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների հարցում, հինգշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։



Երկուշաբթի Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով չեղյալ է հայտարարել Իրանին С-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու հնգամյա արգելքը։



«Եթե որևէ մեկը մտավախություն ունի, թե մենք չեղյալ ենք հայտարարել պատժամիջոցները, ապա մեր գործընկերները երևի չգիտեն, որ ՄԱԿ–ի սահմանած պատժամիջոցների ցանկում այդ համակարգերը չեն ներառվել։ Մենք այդ պայմանագրի իրագործումը դադարեցրել ենք բացառապես միակողմանի կարգով, և հիմա, երբ Իրանի միջուկային  ծրագրի հարցում դրական առաջընթաց է նկատվել, մենք այն արգելքի տակ պահելու հիմք չենք տեսնում»,– ամենամյա «Ուղիղ կապ»–ի ժամանակ ասել է Պուտինը։



«Ինչ վերաբերում է պատժամիջոցների ցանկին, ապա մենք իհարկե միասնաբար կգործենք մեր գործընկերների հետ, և մենք միշտ ենք այդպես գործել։ Ընդգծեմ, որ մենք մեծ ավանդ ենք ունեցել Իրանի միջուկային խնդրի կարգավորման հարցում»,– ավելացրել է նախագահը։

Նույն շարքից