Միջազգային 

Սպիտակ տունը «պատմական փաստի լիարժեք, անկեղծ ու արդար ճանաչման» կողմնակից է. «Ազատություն»

analitik.am

Միացյալ Նահանգների նախագահը և վարչակազմի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ բազմիցս են ճանաչել պատմական այն փաստը, որ Օսմանյան Թուրքիայի գոյության վերջին տարիներին մեկևկես միլիոն հայ սպանվել կամ ստիպողաբար մահվան են ուղարկվել անապատ: Այդ մասին «Ազատության» փոխանցմամբ՝ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթը՝ պատասխանելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան նախապատրաստվող հայտարարությունում ցեղասպանություն բառի օգտագործման վերաբերյալ հարցին:



«Մենք ընդգծել ենք նաև, որ մենք ողբում ենք այդ մահերի համար, և որ այդ փաստի լիարժեք, անկեղծ ու արդար ճանաչումը մեր բոլորի, այդ թվում՝ Թուրքիայի, Հայաստանի և Ամերիկայի շահերից է բխում», – ասել է Ըրնեսթը:



Ազգերն ավելի հզոր են, երբ զարգանում են՝ ճանաչելով սեփական անցյալի վտանգավոր դրվագները, և հենց դրա ճանաչման մեջ է նոր, ավելի հանդուրժող ապագա կառուցելու ճանապարհը, նշել է Սպիտակ տան մամլո խոսնակը:



Նրա խոսքով՝ պատմական այդ փաստի ճանաչման անհրաժեշտությունը տարիների ընթացքում առաջնորդել է ամերիկյան վարչակազմի մոտեցումը:



«Նախագահն ավանդաբար ապրիլի վերջին հայտարարություն է տարածում այս իրավիճակի կապակցությամբ, այդ ահավոր պատմական իրադարձության կապակցությամբ, և ես չեմ կարծում, որ մինչ այդ մեր քաղաքականությունը կփոխվի», – ամփոփել է Սպիտակ տան խոսնակը:

Նույն շարքից