The Tower մերձավորարևելյան հանդեսը իր կայքում հայտնում է, որ անցած շաբաթ Իսրայելի նախագահ Ռուվեն Ռիվլինը Երուսաղեմում փակ հանդիպում է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում կտրուկ է արտահայտվել Հայոց ցեղասպանության հարցով: Աղբյուրը նշում է, որ հարցը բարձրացվել է հենց իր կողմից, իսկ նախագահի պատասխանը հրապարակման ենթակա է դարձել միայն այսօր, գրում է Tert.am-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` նախագահ Ռիվլինը անմիջական պատմական կապ է արձանագրել Հայոց ցեղսպանության և հրեաների Հոլոքոստի միջև: Նա մասնավորապես ասել է. «Նացիստները Հայոց ցեղասպանությունը օգտագործել են որպես մի բան, որը նրանց թույլ է տվել իրականացնել Հոլոքոստը»:
Նախագահ Ռիվլինը նաև սատարել է Հայոց ցեղասպանության հարցով Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը: «Ես կողջունեմ Հռոմի պապին այդ մեկնաբանությունների համար: Դա կարևոր է քրիստոնյաների, հրեաների, մուսուլմանների` մարդ արարածների համար», – այս առնչությամբ ասել է Ռիվլինը:
Աղբյուրի գնահատմամբ` Ռիվլինի այս հայտարարությունները հազիվ թե նպաստեն Իսրայել – Թուրքիա լարված հարաբերություններին, քանի որ վերջինս ուժեղագույնս դատապարտում է որևէ ջանք, որն ուղղված է Հայոց ցեղասպանությունը հենց «ցեղասպանություն» որակելուն:
Աղբյուրը նկատում է նաև, որ, իհարկե, սա նույնը չէ, ինչ պաշտոնական պետական ճանաչումը, սակայն Իսրայելի նախագահի այս հայտարարություններն արտահայտում են այս հարցով այն մոտեցումը, որը կիսում է իսրայլցիների մեծ մասը:
Նշվում է նաև, որ Հայոց ցեղասպանության հարցում Ռիվլինի դիրքորոշումը վերջին տարիներին փոփոխական է եղել: