Միջազգային 

Օբաման հերթական անգամ կխուսափի «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության կապակցությամբ ընդունված իր ուղերձում կրկին չի կատարել նախընտրական խոստումը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ, և խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց, տեղեկացրել է Аssociated Press-ը:

 

Հայտարարության մեջ Օբաման Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդերը դարձյալ բնորոշել է նշել է հայերեն «Մեծ Եղեռն», բառակապակցությամբ: Նա նշել է, որ «զանգվածային սպանությունների» տարելիցը խորհրդանշում է պատմության պահպանման կարևորությունն ու անցյալը հիշելու անհրաժեշտությունը: Նա նաև ասել է, որ ինքը բազմիցս արտահայտվել է 1915-ին տեղի ունեցածի առիթով, և որ իր դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել:


 

Ըստ աղբյուրի՝ Օբամայի այս քայլը, սակայն, անակնկալ չէր: Օրեր առաջ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Սպիտակ տան ներկայացուցիչներն ընդգծել էին, որ Օբաման այս տարի ևս չի շեղվի նախորդ տարիների ավանդույթներից:

 


«Մենք վստահ ենք, որ նախորդ տարիների ու այս տարվա մեր դիրքորոշումը ճիշտ է, քանի որ այն ճանաչում է անցյալն ու թույլ տալիս համագործակցել տարածաշրջանային գործընկերների հետ` ապագայում մարդկանց ոչնչացումից խուսափելու համար: Մեր կարծիքով՝ սա անչափ կարևոր է: Նախագահը պարբերաբար հայտնել է իր տեսակետը 1915թ. դեպքերի վերաբերյալ: Մենք գիտենք, որ կան մարդիկ, ովքեր այս տարի այլ բան են ցանկանում լսել»,- երեկ հայտարարել էր ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնակատար Մարի Հարֆը:



Լրագրողները Սպիտակ տան մամուլի քարտուղար Էրիկ Շուլցին նույնպես Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հարցեր էին ուղղել ԱՄՆ նախագահի դիրքորոշման մասին: Նրանցից մեկը, մասնավորապես, հարցրել էր, թե ինչու է Բարաք Օբաման օգտագործել «ցեղասպանություն» բառը 2008 թվականին նախընտրական քարոզարշավի ժամանակ, իսկ այժմ խուսափում է այդ եզրույթից:

 


«Նախագահը և վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս պատմական փաստ են ճանաչել Օսմանյան կայսրության վերջին օրերին 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանությունը»,- ասել էր Շուլցը:

 


Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը կանխելու համար Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել էր Վաշինգտոն ու մի շարք հանդիպումներ էր ունեցել: Ի վերջո, հաղորդվել էր, որ Օբաման հերթական անգամ կխուսափի «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից:


Նույն շարքից