Տնտեսություն 

Փոխարժեքի շուկան կայունացել է, գները` նվազել. Վաչե Գաբրիելյան

Հանրապետությունում փոխարժեքի շուկան կայունացել է և այս պահին փոխանակման կետերում գնման և վաճառքի տարբերությունները կազմում են երեքից հինգ դրամ, որը ստանդարտ չափի մեջ է: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ ներկայացնելով ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների արդյունքները:


Գաբրիելյանի խոսքով՝ փոխարժեքի տատանումների ընթացքում 94 խանութ փակվել էին ու չէին գործում, այժմ բոլոր խանութները վերադարձել են գործունեության բնականոն հուն: «Մի պահ կար իրավիճակ, երբ խանութներում կային բոլոր ապրանքները, սակայն նրանց գները նշված չէին: Այդ խնդիրը նույնպես կարգավորվել է»,- ասաց փոխվարչապետը:  


Նրա խոսքով՝ աշխատանքային խումբը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ամենօրյա դիտանցում է ստացել խոշոր խանութներում իրավիճակի վերաբերյալ՝ պարզվել է, որ այդ խանութներում գները ևս զգալիորեն նվազել են և ունեն կայունացման միտում: Կայունացման միտում կա նաև գազի լցակայաններում:


Միաժամանակ, Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ աշխատանքային խումբն աշխատանք է նախաձեռնել մի շարք ուղղություններով, մասնավորապես, ՀՀ Կենտրոնական բանկին կներկայացվի հայեցակարգ՝ փոխանակման կետերում տատանումները նվազելու գործողությունների վերաբերյալ: ՀՀ ՏՄՊՊՀ-ին կներկայացվեն նաև հնարավոր քայլերը՝ ուղղված գերիշխող դիրք ունեցողների կողմից չարաշահումների դեմ:


Իր հերթին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ աշխատանքային խումբը պետք է ունենա երկու ծրագիր, կարճաժամկետ և երկարաժամկետ ու պարբերարաբար հանրությանը ներկայացնի իր գործունեության արդյունքները:  

Նույն շարքից