2014թ. 9 ամսվա տվյալներով՝ ՀՆԱ–ի աճը կազմել է 3.9%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.8%-ի համեմատ: Այսօր տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ տեղեկացնելով, որ դեռևս հրապարակված չեն վերջին եռամսյակի ցուցանիշները:
«2014թ-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2.3%-ից բարձրացել է մինչև 4.3% հունվար-սեպտեմբերին և հունվար-նոյեմբերին կազմել է 3.8%` արդյունքում գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Հունվար-նոյեմբերին աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, բացի շինարարությունից: Արդյունաբերության ծավալն աճել 2.6%-ով, ծառայությունները` 7.1%-ով, գյուղատնտեսությունը` 6.5%-ով, առևտրի շրջանառության ծավալը` 4.2%-ով, իսկ շինարարության ծավալը նվազել է 5.4 %-ով»,-ասաց նա:
Նախարարն ընդգծեց, որ արդյունաբերության աճին հատկապես նպաստել են հիմնային մետաղների, սննդամթերքի, ծխախոտային արտադրատեսակների, ռետինե և պլաստմասե արտադրատեսակների, թղթի և թղթե արտադրատեսակների արտադրությունը:
«Ներկայումս ընթացքի մեջ են ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում հաստատված 8 ոլորտային ռազմավարությունների՝ կոնյակագործություն, գինեգործություն, ճշգրիտ ճարտարագիտություն, դեղագործություն ու բիոտեխնոլոգիաներ, ոսկեգործություն, ադամանդագործություն, ժամագործություն և թեթև արդյունաբերություն, գործողությունների ծրագրերը»,– ասաց նա:
Անդրադառնալով առևտրաշրջանառությանը՝ Կարեն Ճշմարիտյանը հիշեցրեց, որ 2014թ. հունվար-հոկտեմբերին այն կազմել է 1.859.4 մլրդ դրամ, աճը` 4.7%:
«Այդ թվում, մանրածախ շրջանառության ծա¬վալը կազմել է 1.114.9 մլրդ դրամ, աճը` 2.6%, մեծածախ շրջանառության ծավալը` 676.9 մլրդ դրամ, աճը` 8.4%, ավտոմեքենաների առևտուրը` 67.6 մլրդ դրամ, աճը` 3.5%»,-ասաց նախարարը: