ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր Կառավարության նիստերի դահլիճում հանդիպում էր կազմակերպել տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությունների ղեկավարների և անհատ վարորդների հետ:
«Մենք լսել ենք բոլոր այն խնդիրները, որոնք առկա են եղել, որոնք անհանգստացրել են տաքսու վարորդներին, լսել ենք շատ քննադատություններ, եղել են երկխոսություններ, երկու տարի շարունակ փորձել ենք այդ հոգսերը, քննադատությունները, բոլորը հաշվի առել, և այսօր ունենք մի օրենք, և նախարարությունը գտնում է, որ այս պահից սկսած այդ օրենքն աշխատելու է հօգուտ այն վարորդների, որոնք մինչ այժմ խնդիրներ ու դժգոհություններ են ունեցել»,- ասաց նախարար Գագիկ Բեգլարյանը՝ անդրադառնալով «ՀՀ մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը հաստատելու, և ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N655-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման» համաձայն մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ոլորտներում կատարված բարեփոխումներին:
Նախարարն ասաց, թե եթե այս բարեփոխումներով չկարողանան բավարարել տաքսու վարորդների պահանջները և հարցերը, կնշանակի, որ այդ օրենքի վրա դեռ աշխատելու տեղ կա, սակայն, ըստ նախարարի՝ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ օրենքը ներկայացնում է հենց տաքսու վարորդների շահերը:
Հանդիպման ընթացքում անհատ ձեռներեցներից մեկն ասաց, թե նախարարությունից ասում են, որ ամեն ինչ արվել է, որ տաքսիստների հոգսը թեթևացնելու համար, սակայն իրականում այդպես չէ:
«Այսօր յուրաքանչյուր անհատի հնարավորություն ենք տալիս, որ չունենա անհատ ձեռներեցի իրավունք և որպես ֆիզիկական անձ կարողանա տաքսի մեքենա վարել: Ըստ օրենքի յուրաքանչյուր անհատի բեռը 4 անգամ իջեցվել է»,- արձագանքեց Գագիկ Բեգլարյանը: