Արցախի Ճարտար քաղաքում կստեղծվի գյուղատնտեսական առաջին կոոպերատիվը: Ինչպես հաղորդում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մամուլի ծառայությունից, վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 15-ին մասնակցել է գյուղատնտեսական կոոպերատիվ տնտեսության ծրագրի շնորհանդեսին:
Նրա խոսքով՝ ժամանակը ցույց է տվել, որ կոլեկտիվ տնտեսությունների լուծարումից հետո Արցախում գյուղատնտեսությունը լուրջ հետընթաց է ապրել: Նա համոզմունք է հայտնել, որ նոր կազմավորվող կոոպերատիվը նպաստելու է Ճարտարի երբեմնի գյուղատնտեսական հնարավորությունների վերականգնմանը, որն իր դրական ազդեցությունը կունենա բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման վրա: Բացի գյուղատնտեսական կուլտուրաների մշակումից, այն կզբաղվի նաև վերամշակման գործունեությամբ՝ սեփական արտադրանքը հանելով շուկա:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ Ժիրայր Միրզոյանի խոսքով՝ արդի կոոպերատիվ և նախկին կոլեկտիվ տնտեսությունների միջև էական տարբերություններ կան: Մասնավորապես, կոոպերատիվ տնտեսությունները ձևավորվում են կամավոր և փայատիրական սկզբունքով՝ հիմքում ունենալով կոլեկտիվ շահի գիտակցությունն ու համատեղ աշխատանքը: