ՀՀ կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է արտահանող կազմակերպությունների շահութահարկը նվազեցնել 10 անգամ՝ ներկայումս գործող 20% շահութահարկի փոխարեն սահմանելով 2%:
Նշենք, որ օրենքի փոփոխությունը չի վերաբերում բոլոր արտահանողներին: Ինչպես նիստին նշեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, մշակվել են հատուկ չափանիշներ, որոնց համապատասխանելու դեպքում արտահանող տնտեսվարող սուբյեկտը իրավունք կունենա շահութահարկը վճարել 2%-ի չափով:
«Արտահանող ընկերությունը միաժամանակյա պայմանով պետք է համապատասխանի երեք չափորոշիչների: Առաջին՝ ՀՀ կառավարությանն հավանությանն արժանացած արտահանման ծրագրի առկայություն, երկրորդ՝ արտահանող անձը հաշվետու տարվա ընթացքում առնվազն պետք է ունենա 50 մլրդ դրամ մաքսային արժեքով ՀՀ տարածքից ապրանքների արտահանում, երրորդ՝ արտահանող անձը արտահանման գործունեությունից պետք է ՀՀ ռեզիդենտ բանկերում բացված հաշիվներին մուտքագրի առնվազն 50 մլրդ դրամին համարժեք արտարժույթ: Արտահանողը պետք է լինի բացառապես արտահանող, այսինքն՝ այս 2 տոկոս դրույքաչափը չի վերաբերելու ՀՀ տարածքում իրականցվող գործունեությունից առաջացող հարկվող շահույթին»,-ասաց Վախթանգ Միրումյանը:
Փոխնախարարն ընդգծեց, որ նման դրույքաչափի սահմանումը աննախադեպ հարկային խթան է տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը ՀՀ-ում ծավալելու և արտահանող գործունեությունը իրականացնելու տեսանկյունից:
«Պետությունն ըստ էության հրաժարվում է շահույթից, փոխարենը ենթադրելով, որ կստեղծվեն աշխատատեղեր և էապես կնպաստեն տնտեսական աճին»,-ասաց նա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ օրենքի փոփոխությունը կառավարության ոչ ստանդարտ քայլերից մեկն է, որով փորձում է արվում խթանել արտահանմանը:
«Եթե կարողանանք ունենալ նման գործընկերներ, որոնք տարվա ընթացքում կարող են 50 մլրդ դրամի կարգի ապրանք արտահանել մեր երկրից, դա իրոք աշխատատեղերի ստեղծում է և լրացուցիչ հարկերի վճարում մեր պետական բյուջե: Պետք է այնպես անենք, որ մեր հայրենակիցները, և գործարարները, որոնք կցանկանան արտահանում կազմակերպել, տեղյակ լինեն: Սա չի կարող վերաբերել հանքարդյունաբերության ոլորտին»,-ասաց նա:
Հովիկ Աբրահամյանը հարցը ճանաչեց հրատապ. այն Ազգային ժողովում կքննարկվի առաջիկա քառօրյային: