Տնտեսություն 

Հայաստանում աղքատությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր. ՄԱԿ

Անցումային տնտեսությամբ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում մեծանում է անհավասարության և աղքատության մակարդակը: Տարածաշրջանի երկրների մեծ մասում կրճատվում է մարդկանց կյանքի տևողությունը՝ միջին համաշխարհային մակարդակի համեմատ:


Հայաստանում, Տաջիկստանում և Ղրղըզստանում ծայրահեղ աղքատության պայմաններում է ապրում բնակչության 1/4-1/3-ը: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մամլո կենտրոնը՝ հղում անելով նոր հետազոտությանը, որը պատրաստել է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը:

«Պատմականորեն հետսոցիալիստական շրջանում այդ երկրներում պահպանվել էր եկամուտների համեմատաբար հավասար բաշխում, սոցապ համակարգի համեմատաբար լայն հասանելիություն և գենդերային անհավասարության համեմատաբար ցածր մակարդակ»,- ասում է Ստամբուլում ծրագրի տարածաշրջանային կենտրոնի ավագ խորհրդական Բեն Սլեյը:


Նրա խոսքով՝ այսօր տագնապ են առաջացնում այդ առավելությունների կորստի նշանները, իսկ անհավասարության խնդիրները նույնպիսի բնույթ են ձեռք բերում, ինչպիսիք են այլ տարածաշրջանների զարգացող երկրներում:


Նոր զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ աղքատությունը մնում է լուրջ խնդիր քիչ հարուստ նախկին խորհրդային հանրապետություններում, մասնավորապես՝ Հայաստանում, Վրաստանում, Տաջիկստանում և Ղրղըզստանում:


Փորձագետները նշում են, որ տարածաշրջանի երկրներում հայտնվել են, այսպես կոչված, «նոր աղքատներ», դրանց թվում են աշխատող աղքատները՝ ներառյալ կրթության, առողջապահության, գիտության և արվեստի ոլորտի աշխատողները: Աղքատության վտանգը հատկապես բարձր է գյուղական շրջանների բնակիչների համար:


Տարածաշրջանում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց կյանքի տևողության մակարդակը նվազում է: 1960 թվականին ԱՊՀ արևմտյան երկրներում տղամարդկանց կյանքի տևողությունը գերազանցել է համաշխարհային միջին մակարդակը 12 տարով: 2012-ին այն եղել է արդեն միջին համաշխարհային ցուցանիշից 2 տարով պակաս:

Նույն շարքից