Ռուսաստանյան բիզնեսն առաջարկել է Եվրասիական տնտեսական միության երկրների ելքերի ու մուտքերի մոտ duty free՝ առանց մաքսատուրքի առևտրի խանութների աշխատանքը թույլատրել:
Այս մասին հայտնում է «Փրայմը»՝ վկայակոչելով ԵՏՄ-ի մաքսային համագործակցության հարցերով նախարար Վլադիմիր Գոշինին:
Պաշտոնյան խոստացել է այս առաջարկը ավելի բարձր ատյաններում արծարծել:
«Ռոսիյսկայա գազետան» նույն առիթով հայտնում է, որ այս շաբաթվանից դյուրացվել է ԵՏՄ-ի երկրներ անձնական ունեցվածքի և մեքենաների տրանզիտային անցկացումը արտոնյալ կատեգորիաների քաղաքացիների համար:
Վերջիններիս թվում են փախստականները, դիվանագետները, արտասահմանում աշխատանքից վերադարձողները:
Մինչ այս նման դեպքերում հարկ էր լինում բազմաթիվ փաստաթղթեր լրացնել: Այժմ այդ ընթացակարգը «առավելագույնս հարմարավետ» է դարձվել. այժմ Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի քաղաքացիները ԵՏՄ երկրներ մտնելիս կարող են «ազատ ձևով ձեռագիր կամ համակարգչով» նշել այն ապրանքները, որ տեղափոխում են, ընդ որում՝ ուղևորական մաքսային հայտարարագրեր լրացնելով հատուկ տրանզիտային հայտարարագրերի փոխարեն:
Առաջիկայում կքննարկվի նաև ԵՏՄ-ի բոլոր երկրների համար առանց տուրքերի ինտերնետ-առևտրի ընդհանուր շեմ սահմանելու հարցը: Բելառուսում այդ շեմն այժմ 200 եվրո է, Ռուսաստանում ու Ղազախստանում՝ 1000. Հայաստանում՝ 300 եվրո:
Առաջարկվում է այդ շեմը բոլորի համար հասցնել 500 եվրոյի: