Տնտեսություն 

Եվրամիությունը 25 մլն եվրոյով կաջակցի Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը

Եվրոպական միությունը Հայաստանին 25 մլն եվրո է տրամադրում գյուղատնտեության զարգացման և գյուղացու կենսամակարդակի բարձրացման նպատակով:


Ֆինանսական աջակցության ծրագրի մեկնարկի ժամանակՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան հայտարարեց, որ աջակցությունը համահունչ է ԵՄ-Հայաստան համագործակցության առաջնահերթություններին: «Այս ծրագիրը համահունչ է Եվրամիության կողմից տրամադրվող օժանդակության առաջնահերթություններին և կնպաստի տնտեսական ու սոցիալական անհավասարությունների կրճատմանը: Գործազրկության բարձր ցուցանիշի և ցածր եկամուտների պատճառով աղքատությունը Հայաստանում շարունակում է բարձր մնալ: Դա տեսանելի է հատկապես գյուղական վայրերում: Իսկ գյուղատնտեսության զարգացումը կարող է նպաստել այդ հարցի որոոշակի լուծմանը: Հայաստանում կարևոր է նաև պարենային անվտանգության հարցը, քանի որ ՀՀ-ն գտնվում է բարդ տարածաշրջանում»,-ասաց Հրիսթեան:


ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդգծեց, որ  ծրագրի շրջանակում  փորձելու են բացահայտել գյուղացու և գյուղատնտեսության հիմնական խնդիրները և լուծում տալ դրանց: «Գյուղտնտեսությունը ապահովում է Հայաստանի ՀՆԱ-ի շուրջ 20 տոկոսը, իսկ վերամշակող արդյունաբերության հետ` 25 տոկոսը: Դա զգալի թիվ է, հետևաբար ոլորտի զարգացումը կարևոր է: Ծրագրի շրջանակներում կփորձեն լուծել այնպիսի հարցեր, ինչպիսիք են պարենային անվտանգության բարձրացումը, գյուղատնտեսական կոոպերացիաների ստեղծումը, սննդի անվտանգության և այլ հարցեր»,- ասաց նախարարը:


Ծրագրի մեկնարկին ներկա էր նաև  Ավտրիայի զարգացման գործակալության ներկայացուցիչ Գյունտեր Ցիմմերը, ով հայտարարեց, որ Ավստրիայի կառավարությունն իր  հերթին 1 մլն եվրո լրացուցիչ գումար կտրամադրի Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում գյուղատնտեսության ոլորտи զարգացման նպատակով:

Նույն շարքից