Տնտեսություն 

«Անելիք բանկ»- ի վարչության նախագահը փրկվեց Սուվարյան կրտսերի շնորհիվ

Ամանորից առաջ՝ բանկերի կողմից ժողովրդի հաշվին հարստանալու հերթական փորձը հաջողությամբ պսակվեց՝ այս անգամ առիթը դրամի կտրուկ արժեզրկումն էր, տարադրամի փոխանակման սպեկուլյացիան և դոլարի արհեստական ստեղծված դեֆիցիտը:


Ճիշտ է՝ ԿԲ նախագահն ուշացումով, սակայն արձագանքեց և առաջին հայացքից սպառնաց բանկերին, որ խիստ կպատժվեն և փորձեց այդ ուղղությամբ որոշակի քայլեր կատարել, բայց դեմ առավ քավոր-սանիկական հարաբերություններին, և ամեն ինչ հարթվեց ընդամենը նկատողություն անելով և թեթև տուգանք սահմանելով:

 

Դրա լավագույն օրինակներից մեկը Անելիք բանկի իրադրությունն էր, երբ ԿԲ-ն փոխարժեքի սպեկուլյացիայի համար հստակ որոշել էր պատժել բանկի ղեկավարին, սակայն գործին խառնվեց ԿԲ վերահսկողության պետ Հրանտ Սուվարյանի որդին, ով վերջերս ՎՏԲ բանկից տեղափոխվել էր Անելիք բանկ և զբաղեցրել վարչություններից մեկի պետի պաշտոնը: Վերջինս հոր միջոցով փրկեց բանկի նախագահին, իսկ ԿԲ-ի դեմքը փրկելու համար ուղղակի տուգանեցին տեղակալին:

 


Բանկի մեր աղբյուրները հայտնում են, որ այս սպեկուլյացիայի արդյունքում Անելիք բանկը տարին փակել է գերշահույթով, և Սուվարյան կրտսերի ուրախությանը չափ չի եղել (հավանաբար խոշոր պարգևատրում է ստացել, քանզի  աջ ու ձախ գլուխ գովալով պատմում էր իր փրկիչ գործունեության մասին):

 

Սակայն այս ամենում հետաքրքիրը և մեզ մտահոգողը հետևյալն է՝ տարադրամի սպեկուլյացիայի արդյունքում տուժել է ՀՀ բնակչությունը,և քավոր-սանիկական հարաբերությունների միջոցով այս գործը «ջրելով» ԿԲ-ն ավտոմատ դառնում է այս թալանի մեղսակիցը:

 


Այս նյութով analitik.am-ը սկսում է շարք՝ ՀՀ բանկային համակարգը՝ որպես արտագաղթի հիմնական խթանիչ, թեմայով, որտեղ կանրադառնանք բանկերում կատարվող ապօրինություններին, ավանդների հուսալիությանը և բանկերի սերտաճվածությանը նրանց վերահսկող մարմինների և ՀՀ կառավարման համակարգում աշխատող բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 

Այս հանգամանքը պետք է մտածելու տեղիք տա ԿԲ Նախագահին, որովհետև սպեկուլյացիաները դեռ չեն ավարտվել, իսկ դրամի փոխարժեքը հեռու է կայունանալուց:

Նույն շարքից