Ռուսաստանում ոսկու արտադրությունն այս տարի կարող է հասնել ռեկորդային 300 տոննայի: Նման կանխատեսում է արել ՌԴ բնական ռեսուրսների նախարար Սերգեյ Դոնսկոյը, գրում է gazeta.ru-ն:
«Ռուսաստանում ոսկու արտադրությունը ռեկորդ է սահմանում: Կարծում եմ՝ 2015 թվականին մենք կհաղթահարենք տարեկան արդյունահանման 300 տոննայի սանդղակը»,- գրել է Դոնսկոյը Facebook-ի իր էջում:
Հաշվարկների համաձայն՝ Ռուսաստանը 2014 թվականին աշխարհում ոսկու արտադրության ծավալով երկրորդ տեղն է զբաղեցրել: Ավելի շատ արդյունահանում է միայն Չինաստանը՝ 465,7 տոննա, երրորդ տեղում է Ավստրալիան՝ 269,7 տոննա:
Ոսկին Ռուսաստանում կարող է իշխանությունների կողմից դիտվել որպես պաշտպանական ակտիվ, եթե ուժեղացվի ՌԴ-ի միջազգային մեկուսացումը: Ռուսաստանը մեծացնում է իր ոսկու պահուստների ծավալը՝ ցանկանալով ապահովագրվել դժվար տնտեսական և աշխարհաքաղաքական իրավիճակում, գրում է gazeta.ru-ն: