Տնտեսություն 

Ռուսաստանը Հայաստանին 5 մլն դոլար կտրամադրի գյուղատնտեսության զարգացման համար

Ռուսաստանը որոշել է Հայաստանին գյուղատնտեսության զարգացման նպատակով 5 միլիոն դոլար տրամադրել, հաղորդում է «Взгляд»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարությանը:

 

2015-2019 թվականներին իրականացվելիք «Գյուղական շրջանների զարգացման համալիր աջակցություն» նախագծի շահառուների թիվը 62 հազար կլինի, ասված է արտգործնախարարության կայքում:

 

Ռուսաստանի կողմից այդ նախագծի ֆինանսավորումը և փորձագիտա-տեխնիկական աջակցությունը գործնական ներդրում կլինի Հայաստանի կողմից «ՄԱԿ-ի հազարամյակի զարգացման նպատակներին» հասնելու ուղղությամբ տարվող միջազգային հանրության ջանքերում, նշել են նախարարությունում:

 

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունում նշել են, որ նախագիծը նախատեսում է Տավուշի մարզում միջոցառումների ընդհանուր համալիրի իրականացում, որոնք ուղղված են «հավասարակշռված զարգացման, գյուղատնտեսական գործունեությունից եկամուտների բարձրացման, աղքատության կրճատման և բնակչության կենսամակարդակը բարելավելու» ապահովմանը:

 

Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի ղեկավարները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից:

Նույն շարքից