Տնտեսություն 

IDeA հիմնադրամն ու WWF-Հայաստանը հանրապետության հարավում «Տաթև» ազգային պարկ կհիմնեն

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) միջեւ այսօր` փետրվարի 6-ին, ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կողմերը համագործակցելու են բնության պահպանության և էկոտուրիզմի զարգացման ոլորտներում: Համաձայն հուշագրի, IDeA հիմնադրամը և WWF-Հայաստանը համատեղ աշխատանքներ կիրականացնեն «Սատանի կամուրջ» բնության հուշարձանի կառավարման բարելավման ուղղությամբ, ինչպես նաև հանրապետության հարավում կնախաձեռնեն բնության հատուկ պահպանվող նոր տարածքի՝ «Տաթև» ազգային պարկի ստեղծումը: Վերոնշյալ նախաձեռնությունների նպատակը տարածքի յուրահատուկ էկոհամակարգի և կենսաբազմազանության պահպանումն է, աջակցությունը էկոտուրիզմի զարգացմանը:


Հուշագիրը ստորագրել են IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը և WWF-Հայաստանի տնօրեն ԿարենՄանվելյանը:


«Մեր համագործակցությունն ուղղված է Տաթեւի տարածաշրջանում բնության պահպանությանն ու զբոսաշրջության զարգացմանը: IDeA հիմնադրամի կողմից իրականացվող «Տաթեւի վերածնունդ» ծրագրի հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանը զբոսաշրջության տեսանկյունից գրավիչ դարձնելն է, ինչը կնպաստի նաեւ հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը:Դրա համար բոլոր նախադրյալներն առկա են՝ միջնադարյան վանական համալիրը, ճոպանուղին, հարուստ բնությունն ու յուրահատուկ էկոհամակարգը, որի պահպանումը կարեւոր է նաեւ էկոտուրիզմի զարգացման առումով: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի կյանքի կոչել տարածաշրջանի զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերը»,-նշել է IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը:

«Շատ կարեւոր է մեր համագործակցությունը IDeA հիմնադրամի հետ, որի արդյունքում կպահպանվեն Տաթեւի տարածքի յուրահատուկ էկոհամակարգը եւ կենսաբազմազանությունը, ինչպես նաեւ կստեղծվեն լայն հնարավորություններ տարածքում գտնվող համայնքների համար բարելավել իրենց ապրելամիջոցները»,- ասել է WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Նույն շարքից