Հայաստանում բնակչությանը մատուցված ծառայությունների շուրջ մեկ քառորդը ֆինանսական և ապահովագրական բնույթի են: 2014 թվականին մատուցվել են 262 մլրդ 696 մլն դրամ ծավալով ֆինանսական և ապահովագրական ծառայություններ` 8.1 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
Ֆինանսական ծառայություններն իրենց ծավալով գերազանցել են այլ բնույթի ծառայություններին:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով`2014 թվականին Հայաստանում ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 110 մլրդ 200 մլն դրամ: Դրա շուրջ 20 տոկոսը կազմել են տեղեկատվության և կապի ծառայությունները (223 մլրդ 104.2 մլն դրամ), 16.3 տոկոսը` տրանսպորտային ծառայությունները (181 մլրդ 602.3 մլն դրամ), 7.4 տոկոսը` կացության և հանրային սննդի կազմակերպման ծառայությունները (81 մլրդ 721.7 մլն դրամ):
Նախորդ տարվա ընթացքում 56 տոկոսով ավելացել են մշակույթի և զվարճությունների մատուցման ծառայությունները: Դրանք կազմում են ընդհանուրի շուրջ 9 տոկոսը: Իսկ անշարժ գույքի հետ կապված գործունեությունը, որը կազմում է ծառայությունների շուրջ 4 տոկոս մասնաբաժինը, ավելացել է 9.5 տոկոսով: