Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը կարծում է, որ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության ինտեգրման մասին կարելի է ոչ միայն երազել. ժամանակն է խորհրդակցություններ սկսել այս հարցով։
Նախորդ հինգշաբթի Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Չեխական ռադիոյին տված հարցազրույցում հայտնել էր, որ երազում է այն մասին, որ Ռուսաստանը մի օր դառնա Եվրամիության անդամ, կամ որ Եվրամիությունն անդամակցի Ռուսաստանին։ Նա նշել էր, որ ՌԴ կամ ԵՄ տնտեսությունները միմյանց կարիքն ունեն։
«Չեխիայի նախագահ Զեմանը կանխորոշել է Եվրամիության և Ռուսաստանի ընդհանուր ապագան։ Եվ նույնիսկ չի բացառել, որ ԵՄ երկրները կընդգրկվեն Ռուսաստանի Դաշնության կազմում... Մեր երկիրը մեկ անգամ չէ, որ խոսել է երկու տարածաշրջանային միավորումների` ԵՏՄ–ի և ԵՎրամիության ինտեգրման հնարավորության մասին։ Ժամանակի՞ն են, արդյոք, այդ ծրագրերն ու կանխատեսումները։ Ժամանակավրեպ չե՞ն, արդյոք... Ոչ, հենց հիմա այդ մասին ոչ միայն երազելու, այլ բարձրաձայն խոսելու ժամանակն է։ Ժամանակն է խորհրդակցություններ սկսել»,– ասվում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում հրապարակված Նարիշկինի հոդվածում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ նրա` ԵՄ–ի և ԵՏՄ–ի միջև խորհրդակցություններն անհրաժեշտ է սկսել այժմ, ոչ միայն այն պատճառով, որ նման հարցերը լուծվում են տասնամյակներով։ «Պարզապես այժմ գրեթե արարելու տարածք չի մնացել։ Չկա դրական օրակարգ, որն իր ողջ անպատեհության և նույնիսկ ֆանտաստիկության հետ մեկտեղ, իրականում որևէ ֆանտաստիկ բան չի պարունակում»,– պարզաբանել է Պետդումայի խոսնակը։
«Ռուսաստանը եղել և մնում է եվրոպական երկրների հետ նույն ընտանիքում։ Մենք վերջին 20 տարիներին միասին կուտակել ենք այնպիսի ներկայացուցչական բազա, որ դա բավականին ցնցել է նույնիսկ օվկիանոսից այն կողմ ապրողներին»,– ավելացրել է Նարիշկինը։ Ինչպես նշում է խորհրդարանականը, չարժե մոռանալ, որ ընդամենը երկու տարի առաջ «Մեծ Եվրոպա» եզրույթն ամենատարածվածն էր քաղաքական բառարանում։