Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննադատել է ՌԴ–ին Հայոց ցեղասպանության մասին արտահայտությունների համար, ինչպես նաև բարձրացրել է Ուկրաինայի արևելքում իրադարձությունների մասին հարցը։
Թուրքիայի ԱԳՆ–ն ավելի վաղ արդեն հայտարարություն էր հրապարակել, որում քննադատել էր ռուս քաղաքական գործիչների խոսքերը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին։
«Աշխարհն առանց ցեղասպանության» երեկոյի մասնակիցներին հղած ողջույնի հեռագրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 1915 թվականի ապրիլի 24–ն անվանել է «ողբերգական օր, որի հետ կապված է մարդկության պատմության ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից մեկը` հայ ժողովրդի ցեղասպանությունը»։ Բացի այդ, ռուս առաջնորդն այցելել է Երևան` հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար։ Պետդուման ուրբաթ իր հայտարարությունում «խորը վշտակցություն է հայտնել եղբայրական Հայաստանին հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաև Առաջին աշխարհամարտի տարիների ողբերգական իրադարձություններից տուժած մյուս երկրներին»։
«Ռուսաստանն առաջին անգամ չէ, որ օգտագործում է «ցեղասպանություն» բառը։ Վշտացած եմ Պուտինի այդ քայլից։ Եթե Ռուսաստանն այդպես է անում, ապա եկեք հիշենք պատմությունը։ Ահա մեր առջև են Ուկրաինան, Ղրիմը, Դոնեցկը, Լուգանսկը, թող նրանք պատասխանեն։ Թուրքիան ոչ մի դեպքում Ցեղասպանություն չի իրականացրել»,– ասել է Էրդողանը լրագրողներին Անկարայում Քուվեյթ մեկնելուց առաջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։