Միջազգային 

Ֆաբրիս Բալանշ. Հարկավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. news.am

analitik.am

Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչից հետո Ղարաբաղը պետք է անկախ դառնա կամ Հայաստանի մաս կազմի:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լիոն-2 համալսարանի պրոֆեսոր, Մերձավոր Արեւելքի եւ Միջերկրածովյան հարցերով փորձագետ Ֆաբրիս Բալանշը:

 

«Ես չգիտեմ, թե դա ինչ ձեւաչափով կարվի. Ղարաբաղը Հայաստանի մա՞ս կկազմի, թե՞ անկախ պետություն կդառնա: Չգիտեմ՝ ինչպես, բայց աշխարհը պետք է ճանաչի Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եւ մենք պետք է այդ երկիրը պաշտպանենք Ադրբեջանի հարձակումներից»,- ասաց պրոֆեսորը:

 

Նա նաեւ հիշեցրեց, որ անցյալ ամիս մի քանի հայ զինվոր է սպանվել սահմանին, եւ դա կրկին ապացուցում է, որ հարկավոր է Ղարաբաղը պաշտպանել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունից:

Մի քանի օր առաջ պրոֆեսոր Ֆաբրիս Բալանշն այցելել է Ստեփանակերտ: Իր խոսքով, տպավորված էր այնտեղ ապրող ժողովրդի ուժով եւ այն հանգամանքով, թե ինչպես են ցանկանում պաշտպանել իրենց հողը՝ հանուն ազատության, որի համար 25 տարի առաջ տեղի ունեցած հակամարտության ժամանակ յուրաքանչյուր ընտանիք առնվազն մեկ զոհ է տվել:

Ֆաբրիս Բալանշի խոսքով, աշխարհում շատերն ընդհանրապես չեն լսել Ղարաբաղի մասին եւ չգիտեն անգամ, թե որտեղ է այն գտնվում, սակայն Ղարաբաղի օրինակը չափազանց խորհրդանշական է եւ կարող է շատ բան ցույց տալ աշխարհին:

«Մերձավոր Արեւելքում իսլամական ահաբեկիչները հետապնդում են քրիստոնյաներին, իսկ Ղարաբաղի ժողովուրդը ցույց տվեց, որ կարող է դիմակայել նրանց: Կարծում եմ՝ դա դիմակայության լավ օրինակ է»,- ասաց պրոֆեսորը:

Նույն շարքից