Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նախարարների նորացված կազմը խորհրդարանի վստահության քվեարկությանը կներկայացնի մեկ շաբաթից: Новости-Грузия գործկալության փոխանցմամբ` այս մասին մայիսի մեկին հայտնել է երկրի ղեկավարի խորհրդարանական քարտուղար Գեորգի Կվերենչխիլաձեն:
Սահմանադրության համաձայն` վրաց վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին կառավարության անդամների նոր կազմը նախագահին է ներկայացրել ուրբաթ:
2014-ին հաստատված կառավարության կազմին` Գարիբաշվիլիի ղեկավարությամբ, վստահություն հայտնելու մասին հարցը բարձրացվել է ապրիլի 29-ին, երբ նախարարների կազմից թվով յոթերորդ անդամը` սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևան Կիպիանին, հրաժարական է տվել: