Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիան պետք է վերանայի Սաուդյան Արաբիայի ու Կատարի հետ իր հարաբերությունները, քանի որ այդ երկրները ֆինանսավորում են ահաբեկիչներին:
Այս մասին Ժաննա Դը Արկին հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ երեկ հայտարարել է Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լե Պենը:
Նա հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը պետք է ամրապնդի կապերն այնպիսի երկրների հետ, որոնք պայքարում են արմատականության դեմ:
Լե Պենն այդպիսի երկրների թվում հիշատակել է Ռուսաստանը, ԱՄԷ-ն ու Եգիպտոսը. «Ֆրանսիան պետք է արգելի արմատականության գաղափարներին աջակցող օտար երկրների կողմից կրոնական ու մշակութային կառույցներին ֆինանսավորելը, արգելի նոր մզկիթների կառուցումն այնքան ժամանակ, քանի դեռ չեն հստակեցվել արտերկրից դրանց ֆինանսավորման պայմանները: Պետք է պարզել, թե ներդրումային տարբեր հիմնադրամները ինչով են զբաղվում Փարիզի մերձակայքում»:
Լե Պենը կոչ է արել երկրից արտաքսել բոլոր օտարազգիներին, որոնք քարոզում են իսլամական ծայրահեղականության գաղափարներ, ինչպես նաև քաղաքացիությունից զրկել նրանց, ովքեր այլ երկրներում ջիհադի մասնակցելուց հետո վերադարձել են Ֆրանսիա.
«Անհրաժեշտ է վերականգնել երկրի սահմանների վրա վերահսկողությունը: Ֆրանսիան իրավունք ունի իմանալ, թե ում է նա թողնում իր տարածք»:
Նա հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի ու հատուկ ծառայությունների ֆինանսավորման մեծացման անհրաժեշտության մասին և քննադատել է Նիկոլա Սարկոզիի ու Ֆրանսուա Օլանդի կառավարություններին` ներգաղթի հարցում նրանց վարած քաղաքականության համար: