Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Ուկրաինայի ու Իտալիայի արտգործնախարարներ Պավել Կլիմկինն ու Պաոլո Ջենտիլիոնին Կիեւում կայացած երկկողմ բանակցությունների ընթացքում ընդգծել են մինսկյան համաձայնագրերի կատարման անհրաժեշտության մասին:
Այդ մասին հայտնել են Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունից, նշելով, որ հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Դոնբասում հրադադարի ռեժիմի պահպանման ու մինսկյան համաձայնությունների կատարման անհրաժեշտությունը:
Միաժամանակ իտալական կողմը հայտնել է իր համերաշխությունը Ուկրաինայի տերիտորյալ ամբողջականության ու ինքնիշխանության պահպանման օգտին:
Ավելի վաղ Իտալիան կոչ էր արել Ուկրաինային ճանաչել Դոնբասի ինքնավարությունն ու ճգնաժամը լուծել խաղաղ երկխոսության միջոցով: