Եվրասիական տնտեսական միությունը մայիսի 29-ին իր առաջին ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կստորագրի Վիետնամի հետ:
Այս մասին Մոսկվայում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղըզստանի միավորման առաջին գագաթաժողովի ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Ցանկանում եմ նշել, որ բազմակողմ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել ապրանքների շուկայի հասանելիության փոխշահավետ պայմանների մասին, հստակեցվել են առևտրային ծառայությունների մասով փոխգործակցության չափանիշները»,- հայտարարել է Նազարբաևը:
Նազարբաևը ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ նաև հայտնել է, որ Իրանը, Ադրբեջանը, Հնդկաստանն ու Մոնղոլիան քննարկում են ԵՏՄ-ի (Եվրասիական տնտեսական միություն) հետ համագործակցության հնարավորությունը, Թուրքիան ԵՏՄ-ի հետ առևտրական համաձայնագիր կնքելու ցանկություն է հայտնել:
«Կան նաև մյուսները` Հնդկաստանը, Մոնղոլիան, Ադրբեջանը, այդ ամենը պետք է քննարկել»,- հավելել է Նազարբաևը: