Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ:
Զրուցակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունների հետագա զարգացումն ու այդ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու անհրաժեշտությունը: Երկկողմ կապերի ամրապնդման գործում նախագահները մեծ տեղ են վերապահել փոխայցելությունների ակտիվացմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի կողմից ձեռնարկված բարեփոխումները, որոնք ուղղված են երկրում կայունության հաստատմանն ու Եգիպտոսի զարգացմանը եւ արդեն իսկ տալիս են որոշակի արդյունքներ, հիմքեր կստեղծեն նաեւ հայ-եգիպտական հարաբերությունները զարգացնելու նախկին ակտիվությամբ ու արդյունավետությամբ:
Եգիպտոսի նախագահը վստահություն է հայտնել, որ այդ հարաբերությունները եւ համագործակցությունը շատ ավելի մեծ զարգացում կունենան, քան նախկինում էր: Նա նշել է, որ իր երկիրը բարդ ժամանակաշրջան է անցել, եւ նախորդ տարվա ընթացքում Եգիպտոսում շատ բան է արվել անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ: Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին դրվատանքով է խոսել եգիպտահայ համայնքի մասին, նշելով, որ հայերին Եգիպտոսում մշտապես վերաբերվել են որպես եղբայրների: Հայաստանի եւ Եգիպտոսի նախագահները երկուստեք կարեւորել են եգիպտահայ համայնքի դերը երկու երկրների միջեւ բարեկամության ամրապնդման գործում: Այս համատեքստում ընդգծվել է Եգիպտոսի պետականաշինության մեջ մեծ դեր ունեցած այնպիսի անհատների դերը, ինչպիսին է եգիպտահայ քաղաքական գործիչ, Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար փաշան:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ընթացիկ տարում տեղի ունեցող միջոցառումներին, Մերձավոր Արեւելքի ներկա իրավիճակին եւ տարածաշրջանային այլ խնդիրների: