Թուրքիայում կազմակերպած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառոււմներով ու բազմաթիվ այլ նախաձեռնություններով հայտնի «Նոր զարթոնք» քաղաքացիական նախաձեռնության թվիթերյան հաշիվը ապրիլի 25-ին փակվել է «Twitter Türkiye»-ի կողմից, հաղորդում է Ermenihaber.am-ը:
«Twitter Türkiye»-ին ուղղած առարկությանն ի պատասխան` հայկական «Նոր զարթոնքը» ստացել է հետևյալ պատճառաբանությունը` հաշիվը փակվել է «նպատակաուղղված չարաշահման» համար:
Թեմայի հետ կապված «Նոր զարթոնքը» հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
««Նոր զարթոնքը», որը ստեղծման օրվանից Թուրքիայի ժողովուրդների հետ միասին արդարության պայքար է տանում և միշտ կողմակից է եղել արդարության, մերժում է չարաշահելու պատճառաբանությունը: Արդեն երկար ժամանակ է, ինչ սոցմեդիան օգտագործում ենք խաղաղություն և հավասարություն քարոզող մեր խոսքը տարածելու համար և այսուհետ նույնպես շարունակելու ենք օգտագործել: Մեր թվիթերյան հաշիվը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հաջորդ օրը արգելափակելն իր հետ բազմաթիվ հարցականներ է բերում: Ի՞նչ նպատակով է «Twitter Türkiye»-ի ղեկավարությունը նման ռասիստական գրաքննություն կիրառում: Գուցե «Նոր զարթոնք»-ի ապրիլքսանչորսյան արդարության փնտրտուքը նրանց դուր չի եկել և ցանկացել են խոչընդոտե՞լ»: