Ամերիկյան The Daily Beast պարբերականը հոդված է հրապարակել առաջիկայում Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին, որտեղ խոսվում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խուճապի մեջ հայտնվելու հանգամանքը:
«Նրա քաղաքական ընդդիմախոսները և սովորական մարդիկ փողոցներում հաճախ կրկնում են, որ Էրդողանը խելագարվել է: Նրան այժմ համակել է իշխանության անհագ ծարավը: Քուրդ քաղաքական գործիչ Աբդուլլահ Զեյդանը նշում է, որ նախագահը «կարծում է, որ նա սուլթան է»: Խորհրդարանի փոխխոսնակ Մերալ Աքշեներն էլ պնդում է, թե վարչապետ Ահմեթ Դավութօղլուն փակ դռների հետևում մարդկանց պատմում է, որ Էրդողանը «խելագարվել է»»,- գրում է պարբերականը:
Պարբերականը նաև հղում է կատարում ընտրությունների վերաբերյալ անցկացված մի շարք հարցումների արդյունքներին և նկատում, որ ընտրությունների ժամանակ Էրդողանի կուսակցությունը կարող է չստանալ ձայների անհրաժեշտ քանակություն:
«Վստահաբար, Էրդողանն շատ բան ունի կորցնելու: Եթե ընտրությունների արդյունքները թույլ չտան նրան իրականացնել սահմանադրական փոփոխությունները, հավանաբար նա դա այլևս չի կարողանա անել»,- գրում է պարբերականը:
Պարբերականը նաև նկատում է, թե սա առաջին անգամը չէ, որ Թուրքիայում անհանգստացած են Էրդողանի հոգեվիճակով և կապակցությամբ հիշեցնում, որ օրինակ Գեզիի պուրակի ցույցերի ժամանակ Էրդողանի կեցվածքը Թուրքիայի բժշկական ասոցիացիային թույլ էր տվել հայտարարելու, որ լուրջ մտահոգություններ ունեն Էրդողանի հոգեկան առողջության հետ կապված: