Ռիգայում անցկացվող «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, ամենայն հավանականությամբ, միայն ընդգծում է ԵՄ–ի կողմից ծրագրի ձախողումը, որի շրջանակում ԵՄ–ն փորձում էր հետխորհրդային վեց հանրապետություններին հեռացնել Մոսկվայի ազդեցության ուղեծրից և «նրանց գայթակղելով գցել Բրյուսելի գիրկը», գրում է The Guardian–ը։
Եվրամիությունը ստեղծեց «Արևելյան գործընկերությունն» այն նպատակով, որ կարողանա խոչընդոտել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների վրա Ռուսաստանի ազդեցությանը` միաժամանակ ծրագրի մասնակիցներին ներկայացնելով չափազանց մշուշոտ հեռանկարներ ԵՄ–ին անդամակցելու հարցում։ Ինչպես նշում է հրատարակությունը, նախորդ տարի Ուկրաինայի արևելքում ծագած հակամարտության մեջ ռուսական միջամտությունը ամբողջովին խառնեց Եվրամիության ծրագրերը, բացի այդ վեց երկրներից երկուսը` Հայաստանն ու Բելառուսը, դարձան ԵՏՄ անդամ, որը ներկայացնում են որպես ԵՄ–ի մրցակից։
Ադրբեջանը, որի էներգառեսուրսներն անհրաժեշտ են Եվրոպային, կորցրել է հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ, իսկ երկրի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի գագաթնաժողովին, գրում է The Guardian–ը։
Եվրամիության մասնակիցները չեն կարողանում կողմնորոշվել և գալ ընդհանուր հայտարարի այն հարցում, թե ինչ է հիմա հարկավոր ձեռնարկել` ավելի ակտիվացնել «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, թե նվազեցնել հավակնությունները։ Ռիգայի գագաթնաժողովի մեկնարկից առաջ եվրոպացի պաշտոնյաները հայտարարել են, որ նրանք նախկինի պես հավատարիմ են «Արևելյան գործընկերության» գաղափարին։ Սակայն նրանց հայտարարությունները ցույց են տալիս, որ Եվրոպան չի պատրաստվում բարկացնել Ռուսաստանին։ ԵՄ–ում սկսում է գերիշխել Մոսվկայի նկատմամբ շատ ավելի պակաս ռազմատենչ տրամադրվածությունը, նշում է հրատարակությունը։
Միաժամանակ Ուկրաինան և Վրաստանը, որոնք մյուսներից ավելի եվրոպամետ են, ինչպես նաև Մոլդովան դժվար թե որևէ «խայծ» ստանան Ռիգայի գագաթնաժողովին։ ԵՄ–ն չի ցանկանում նրանց որևէ խոստում տալ եվրաինտեգրման և միության անդամ դառնալու կապակցությամբ։ Որոշ երկրներ չեն ցանկանում անգամ Ռիգայի գագաթնաժողովի օրակարգի մի մաս դիտարկել ԵՄ–ին նախկին խորհրդային հանրապետությունների անդամակցության մշուշոտ հեռանկարը։ Ուկրաինայի և Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի հարցն անգամ, ամենայն հավանականությամբ, չի լուծվի գագաթնաժողովի շրջանակում, նշվում է հոդվածում։