ԱՄՆ Տեխաս նահանգի Ուեյկո քաղաքում գրանցված փոխհրաձգության հետևանքով ինը մարդ է մահացել, վիրավորների թիվը հասել է 18–ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով KWTX տեղական հեռուստաընկերությանը։
Տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում, ութը` դեպքի վայրում, նշել է հեռուստաընկերությունը։ Ոստիկանությունը փակել է քաղաքի կենտրոնական փողոցներն ու բնակիչներին զգոնության կոչ արել։ Ձերբակալել են բազմաթիվ բայքերների։
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել իրար դեմ թշնամացած բայքերների երկու խմբերի միջև։ Միջադեպը սկսվել է վեճից, այնուհետև բայքերները գործի են դրել շղթաները, մահակները, դանակներն ու զենքը։ Փոխհրաձգությունը սկսվել է քաղաքի ռեստորաններից մեկում, որտեղ հավաքվում են բայքերները, սակայն չհաստատված տվյալներով` կրակոցներ են հնչել երեք տարբեր վայրերում։