Եվրամիությունը հույս ունի, որ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի և նրա կողմնակիցների մահապատիժը կվերանայվի վճռի բողոքարկման ժամանակ։ ԵՄ–ն պնդում է, որ նրանց դեմ ընթացող գործընթացը չի համապատասխանել միջազգային իրավունքի նորմերին, հայտարարել է ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«2011 թ.–ին բանտից կատարած զանգվածային փախուստի պատճառով նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի և նրա 100 կողմնակիցների մահապատժի վճիռն ընդունվել է զանգվածային գործընթացի արդյունքում, որը չէր համապատասխանում միջազգային իրավունքի շրջանակում Եգիպտոսի ստանձնած պարտավորություններին», – նշվում է Մոգերինիի հայտարարության մեջ։
Նրա խոսքով` «Եգիպտոսի իշխանությունները պարտավոր են ապահովել մեղադրյալների` ազնիվ գործընթացի և անկախ քննության իրավունքները` միջազգային չափորոշիչներին համաձայն»։
«Մենք ԵՄ–ում համոզված ենք, որ դատավճիռը կվերանայվի բողոքարկման գործընթացի ժամանակ։ Պետք է երաշխավորվեն կայունությունն ու օրենքի գերակայությունը», – հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը` հիշեցնելով, որ ԵՄ–ն սկզբունքորեն դեմ է մահապատժին։