Լատվիայի արտգործնախարարության «Արևելյան գործընկերություն» ծրագրի հարցերով դեսպան Յուրիս Պոյկանսը New Eastern Europe հանդեսի հետ զրույցում անդրադարձել է ընթացիկ տարվա մայիսի 21-ին և 22-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին, որն անցկացվելու է 2013թ. ի վեր առաջին անգամ:
Պաշտոնյան իր խոսքում նշել է, որ «իրենք կուզենային ավելի շատ պաշտոնական կապեր ունենալ մասնավորապես Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի հետ»:
«Եվրոպական միության դաշնակիցների հետ մենք փորձում ենք այս պետություններից ամեն մեկի նկատմամբ անհատական մոտեցում մշակել: Եկեք քննարկենք օրինակ Հայաստանի դեպքը: Ռիգայի գագաթաժողովի շրջանակներում մենք կարող ենք հայտարարել ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագրի վերաբերյալ բանակցային գործընթացի մեկնարկի մասին: Թեև դա Ասոցացման համաձայնագիր չէ, այնուհանդերձ՝ այն բխում է Հայաստանի շահերից:
Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը ցանկանում է ստորագրել ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր, և այժմ մենք սպասում ենք այդ համաձայնագրի ստեղծմանը վերաբերող ադրբեջանական կողմի առաջարկներին»,- ասել է դեսպանը:
Լատվիացի դիվանագետը նաև իր խոսքում հատուկ ընդգծել է, որ «կայանալիք գագաթաժողովն ամենևին էլ ուղղված չէ Ռուսաստանի շահերի դեմ» : Ըստ Պոյկանսի՝ «իրենք ցանկանում ենք Ռուսաստանի հարևանների հետ, որոնք, ի դեպ, նաև իրենց հարևաններն են, Եվրոպայի սահմաններից դուրս ստեղծել բարգավաճող և կայուն գոտի»: