Բաքվի բազմաբնակարան շենքերից մեկում գրանցված հրդեհից հետո քրեական գործ է հարուցվել անփութության, հրդեհային անվտանգության կանոնների խախտման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Երեքշաբթի առավոտյան հրդեհ է բռնկվել Ազադլիգ պողոտայի վրա գտնվող շենքերից մեկում։ Նախնական տվյալներով` բռնկվել է տան երեսպատման շերտը։ Այս պահին հրդեհն արդեն մեկուսացվել է։ Հրդեհի հետևանքով զոհվել է 16 մարդ, տուժածների թիվը հասնում է 63–ի։ Հիվանդանոց է տեղափոխվել 54 մարդ։
«Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ՔՕ–ի 225.2 (Հրդեհային անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է մահվան կամ այլ ծանր հետևանքների), 308,2 (պաշտոնական լիազորությունների չարաշահում) և 314.2 (անփութություն, որը հանգեցրել է ծանր հետևանքների) հոդվածների հատկանիշներով», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ստեղծվել է օպերատիվ–քննչական խումբ, որում ներառվել են Ադրբեջանի Գլխավոր դատախազության, ՆԳՆ–ի և ԱԻՆ–ի աշխատակիցները։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ քննչական և օպերատիվ–հետախուզական միջոցառումները վերահսկում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։