Թուրքիայի նախագահները ունեցել են սահմանափակ լիազորություններ, սակայն Էրդողանը ցանկանում է փոխել սահմանադրությունը և իրեն օժտել անսահմանափակ իշխանությամբ, ինչպես որ անում են մյուս ընտրված բռնապետերը. Սուլթանի դիրք է սպասվում Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Այս մասին անդրադարձել է Միջազգային հարաբերությունների մասնագետ Ստիվեն Կինզերը «Al Jazeera»-ի անգլալեզու տարբերակում` անդրադառնալով հունիսի 7-ին Թուրքիայում սպասվող խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին:
Մասնագետի խոսքով, Էրդողանը 11 տարի շարունակ Թուրքիայի վարչապետն էր, ինչից հետո էլ՝ 2014 թվականին, զբաղեցրեց նախագահի պաշտոնը:
Էրդողանի սուլթանական ցանկությունների իրականացման առումով որպես լուրջ փորձաքար, հեղինակը համարում է քրդական քաղաքական շարժման ակտիվացումն ու նրա խարիզմատիկ առաջնորդին` Սելահաթթին Դեմիրթաշին, ով, նոր ոճ է թելադրում թուրքական քաղաքականության մեջ:
Հեղինակը նաև անդրադառնում է Էրդողանի և Դավութօղլուի հարաբերություններին` նշելով, որ սկզբում Էրդողանը կարծում էր, որ Դավութօղլուն վարչապետի պաշտոնում իրեն հավատարիմ շան պես կլինի: Սակայն ընթացիկ քարոզարշավի շրջանակներում Դավութօղլուն արդեն իսկ հասկացնել է տալիս, որ հիացած չէ Էրդողանի սուպերնախագահության գաղափարով: