Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ իր նոր պաշտոնը և Վրաստանի քաղաքացիությունից զրկվելու փաստը չի խանգարի իրեն հայրենիք վերադառնալուն։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահը անցած շաբաթ ստացել էր Ուկրաինայի քաղաքացիությունը և նշանակվել Օդեսայի մարզպետ։ Այս մասին հայտնում ՌԻԱ Նովոստին։
Ըստ Վրաստանի օրենքի` մեկ այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում քաղաքացին ինքնաբերաբար կորցնում է Վրաստանի քաղաքացիությունը, սակայն որպեսզի այդ դրույթն ուժի մեջ մտնի, իրավաբանական և տեխնիկական ընթացակարգեր են անհրաժեշտ։ Միաժամանակ Վրաստանը թույլատրում է երկքաղաքացիությունը, սակայն դրա համար անհրաժեշտ է դիմել նախագահին։
Կիրակի Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին հայտարարել էր, որ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալուց հետո Սաակաշվիլուն Վրաստան վերադարձնելու իրավական հնարավորություններ գրեթե չեն մնում, քանի որ Ուկրաինան չի հանձնում իր քաղաքացիներին։