ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանից այսօր ԱԺ-ում հետաքրքրվեց Հայկական ատոմակայանի համար Ռուսաստանի Դաշնությունից վերցրված վարկի մասին, որը կազմում է 270 մլն դոլար:
Նա հարցրեց, թե արդյո՞ք խորը ուսումնասիրություններ են կատարվել, պե՞տք են այդ ներդրումները, և եթե չլինեին ֆինանսական այդ ներդրումներն, ի՞նչ վիճակում կհայտնվեր Ատոմակայանը մեկ տարի անց:
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Նախագահի կողմից ներկայացրած 2014 թ-ի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագիրը:
Էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքը կազմակերպելու համար, փոխնախարարը նշեց, որ անհրաժեշտ է եղել լրացուցիչ ռեսուրս վերցնել ՌԴ կառավարությունից, որը կիրականացվի երկու էտապով և աշխատանքների ավարտից հետո 10 տարով էներգաբլոկը լրացուցիչ կաշխատի:
«Իսկ դրա համար նախնական գնահատականով անհրաժեշտ է եղել մինչև 270 մլն դոլար, գումարած 30 մլն ռուսական կողմից տրված դրամաշնորհը»,-ասաց նա:
Արեգ Գալստյանը նշեց, որ ծրագրային լուրջ փաթեթ, որտեղ հաշվարկվում է, թե ինչպես պետք է էներգահամակարգը գործի՝ կա, և քանի որ չի հաջողվել նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը կատարել նախանշված ժամկետում, այս քայլը կատարել են ստիպված:
«Մոտակա տարիների ընթացքում, եթե չունենանք նոր բլոկ, և այս բլոկը կանգնեցվի, 2016-ին մենք ունենալու ենք բազիսային հզորությունների լուրջ դեֆիցիտ, դրանով է պայմանավորված, որ որոշեցինք սկսել այս ծրագիրը երկարաձգման հետ կապված»,-ասաց փոխնախարարը: