ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանին ֆերմերներ են դիմել՝ նշելով, որ գյուղացիները գյուղատնտեսական վարկեր չեն կարողանում ստանալ: «Ես նման ահազանգ ունեմ, նույնիսկ գյուղնախարարի հետ եմ մի անգամ զրուցել և սպասում էի պատասխանի, պարզապես հիշեցրեցիք»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Թե ինչու չեն տալիս, Լյովա Խաչատրյանը առայժմ պատճառը չգիտի. «Բայց ոչ չեն տալիս ես տեղյակ եմ»:
Ըստ պատգմավորի՝ վարկերը չտալու պատճառով ցանքերը, բնականաբար, կկրճատվեն։«Մարդիկ գումար չունեն ու պլանավորել էին վարկերով ցանքեր անել, բնականաբար չեն կարողանա անել: Իսկ թե ինչու է ուշանում, ես խոստանում եմ պարզել ու պատասխանել»,-ասաց նա:
ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), տեղյակ չի վարկերի հետ կապված խնդրին: «Չեմ զրուցել գյուղացիների հետ՝ տալիս են, թե չեն տալիս, բայց համենայն դեպս ինձ թվում է չեն տա այն դեպքում, եթե պարտականությունը չի կատարում: Պետք է ամեն ինչ պատճառ չէ ունենա»,- ասաց նա և նշեց, թե կարող է ենթադրել, որ դա գուցե դոլար-դրամ հարաբերակցության հետ կապ ունի և նույնպես նշեց, որ կփորձի պարզել խնդիրը:
Խոսելով գյուղատնտեսական տարվա մասին, Ալեքսան Պետրոսյանը նշեց, թե տարին խոստումնալից է, բայց պետք չէ առաջ ընկնել: «Կարող ա էլի կարկուտ գա, ամեն տարի մինչև մայիս ամիս կարկուտ է լինում: Հիմա ցրտահարությունը հաղթահարեցինք, կարկուտն էլ հաղթահարենք, լավ բերքն ապահովված է»,- ասաց նա: