Միայն խելագարը էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրացնի: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, Ազգային ժողովում ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման մասին համաձայնագրի քննարկմանը ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Ո՞վ ասաց, որ պետք է էլեկտրաէներգիա արտադրենք եւ արտահանենք: Ո՞վ է որոշել, որ Վրաստանին պետք է էլեկտրաէներգիա տանք: Չեմ հասկանում: Երկրորդը հարցը էլեկտրաէներգիայի գնի էլաստիկությունն է: էլեկտրաէներգիայի գին-էլաստիկություն հարաբերությունը մեկից բարձր է: Սա նշանակում է, որ եթե մեկ տոկոսով բարձրացնում եք էլեկտրաէներգիայի սակագինը, ապա մեկ տոկոսով նվազում է օգտագործումը: Այստեղից էլ տուժում են ՀԷՑ-երը եւ ահա այդ պատճառով 250 մլն ԱՄՆ դոլարի պարտքեր ունեն: Ընթացիկ տարվա առաջին տվյալներով ունենք ՀՆԱ-ի աճ՝ 2,5%, էլեկտրաէներգիայի սպառման իջեցում` 12,5%, այս պայմաններում միայն խելագարը կբարձրացնի էլեկտրաէներգիայի գինը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նշենք, որ խոսակցություններ են պտտվում, որ այս տարվա ամռանը էլեկտրաէներգիան կթանկանա 5-7 դրամով: