Ըստ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանի՝ բնական է, որ ՀՀ քաղաքացու համար չի նվազել գազի գինը, թեև ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Հայաստանին մատակարարվող գազի գինը սահմանին նվազեցրել է 13%-ով։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին պատգամավորը նշեց, որ խնդիրը կապված է դոլարի արժևորման հետ։
«Վերջին ամիսներին դոլարը բարձրացել է 17%-ով, իսկ «Գազպրոմը» սահմանին գազի գինը նվազեցրել է 13%-ով։ Հետևաբար, ինչպե՞ս կարող է «Գազպրոմ Արմենիան» նվազեցնել գազի գինը քաղաքացու համար։ Երբ դոլարի փոխարժեքը հասնի 416 դրամի, կարելի է մի բան մտածել»,- ասաց նա։
Մամուլի ասուլիսին ներկա էր նաև տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։ Նա նշեց, որ քաղաքացին քաղաքում տեսնում է «Գազպրոմ Արմենիայի» աշխատողների թանկարժեք տները ու չի հասկանում, թե ինչու իր համար գազը չի էժանանում, երբ որ պաշտոնապես «Գազպրոմի» ղեկավարությունը հայտարարում է, որ իրենք Հայաստանի համար գազի գինը նվազեցնում են։
«Քաղաքացին չի հասկանում՝ ինչ է փոխանակային կուրսը ու ինչու է վնասով աշխատում «Գազպրոմ Արմենիան»։ Իր համար հիմա հստակ է՝ սահմանին գինը շուրջ 13%-ով էժանացել է, ու ինքը դրանից չի օգտվում։ Գազպրոմի ղեկավարի՝ Միլլերի հայտարարությունը իրականում ավելի շատ քաղաքական նշանակություն ունի։ Ուզում են ցույց տալ, որ իրենց ռազմական դաշնակցի համար գինը էժանացնում են։ Այո՛, հասկանալի է, որ ընդհանրապես գազամատակարարումը ինժեներատեխնիկական բարդ համակարգեր է ու պահանջվում են ներդրումներ, արդիականացում»,- ասաց նա։
Հարցին, թե ստացվում է, որ եթե ռուսական «Գազպրոմը» չէժանացներ գինը, սպառողի համար սակագինը բարձրանալու էր, Վարդան Բոստանջյանը հաստատեց, իսկ Վարդան Այվազյանն էլ պատասխանեց. «Դոլարը որ բարձրացավ, էդ ո՞ր մի ապրանքի գինը չբարձրացավ»։