Տնտեսություն 

Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում նվազել է 41,2%–ով

analitik.am

Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015թ.–ի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում կազմել է 190,3 մլն դոլար` 2014թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 41,2 տոկոսով, նշվում է ՀՀ ԱՎԾ կայքում։



Միաժամանակ հանրապետության ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 20,1 տոկոս։



Հայաստանից դեպի Ռուսաստան հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում իրականացված արտահանումը կազմել է մոտ 1,38 միլիոն դոլար` 2014թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 65,3 մլն դոլարի համեմատ, իսկ ՌԴ–ից դեպի Հայաստան իրականացված ներկրումը կազմել է 146,2 մլն դոլար (25,5 տոկոսի անկում)։



ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 227 մլն դոլար (24 տոկոս մասնաբաժին, 40,6 տոկոսի անկում)։ Միաժամանակ ԵՄ երկրների հետ առևտուրը 2015թ.–ի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում կազմել է մոտ 258,8 մլն դոլար (27,4 տոկոս մասնաբաժին, 31,7 տոկոս անկում)։



Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015թ.–ի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում կազմել է մոտ 945,1 մլն դոլար` 2014թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 23,1 տոկոսով։ Արտահանման ծավալը կազմել է մոտ 267,6 մլն դոլար` նվազելով 23,1 տոկոսով, իսկ ներկրման ծավալը` մոտ 677,5 մլն դոլար` նվազելով 28,5 տոկոսով։



ԱՎԾ տվյալներով` Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալի տվյալները 2015թ.–ի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում լիարժեք չեն և ենթակա են շտկման ԵՏՄ երկրների միջև առևտրի ցուցանիշների ոչ լիարժեք փոխհաշվարկի պատճառով։

Նույն շարքից