Հայաստանն ու ԱՄՆ-ն առեւտրի եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր կստորագրեն: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հայտարարությունում: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր հերթին հաստատել է, որ համաձայնագիրը ստորագրվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակում:
«Վաղուց սպասված պայմանագիրն ANCA-ի կարեւոր առաջնահերթություններից մեկն էր, որի ուղղությամբ ջանքեր էին գործադրվում՝ աշխատատեղերի ավելացման եւ կայուն տնտեսական աճի ապահովման, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ԱՄՆ-ում տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման համար»,- հայտարարել է հանձնախմբի ատենապետ Քեն Հաչիկյանը: