Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ի գիտություն հասարակության, տեղեկացնում է, որ ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայաններ՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ, «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն, «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ն, «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանը և էլեկտրաէներգիայի հաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն դիմել են հանձնաժողով՝ սակագների (վճարների) վերանայման հայտերով:
Հայտերը համապատասխանում են հանձնաժողովի կարգի պահանջներին, և հանձնաժողովն սկսել է հայտերի ուսումնասիրության գործընթացը:
Մանրամասները՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում։
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված է էլեկտրաէներգիայի հաղորդման, մատուցվող ծառայության սակագնի հաշվարկ՝ առաջարկելով 01.07.2015-ից հաստատել 2,038 դրամ կիլովատ/ժամ 01.08.2014-ից գործող 1,3644 դրամ կիլովատ/ժամի փոխարեն։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ կա արտադրական և տնտեսական ծախսերի որոշակի աճ, ինչը առաջին հերթին պայմանավորված է ընկերությունում ներդրումային ծրագրերի ծավալների կտրուկ աճով։