2015թ. ապրիլին մարտի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 1.5% գնանկումով: Ցուցանիշն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Համաձայն հրապարակման՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.4%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների` համապատասխանաբար 1.0% և 0.1% հավելաճ:
2015թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.5%, ինչը 0.1 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.4%):
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2015թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գները նվազել են 1.0-0.3%-ով, այդ թվում՝ գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.3%-ով: