Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց վարկ տրամադրել ՀՀ կենտրոնական բանկին: Ինչպես նիստին նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, վարկն անհրաժեշտ է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող մատչելի վարկերի ծրագրի շարունակականությունն ապահովելու համար:
Նա տեղեկացրեց, որ 2015թ-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջեից Կենտրոնական բանկին կտրամադրվի 10 միլիարդ դրամ գումարի չափով բյուջետային վարկ մինչև 2019-ի հունիսի 15-ը մարման ժամկետով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչու է վարկի մարման ժամկետը երկարաձգվել, ինչին ի պատասխան Վախթանգ Միրումյանն, ասաց, թե ընդամենը առաջարկվում է ժամկետը:
«Ի՞նչ է նշանակում առաջարկում ենք, մենք պայմանավորվածություն ենք ունեցել երկու տարով, ինչի՞ եք գրել 2019 թվական: Ես մի բան չեմ հասկանում` մի բան ենք պայմանավորվում, թղթերի մեջ նախատեսում եք այլ բա՞ն: Ի՞նչն է պատճառը: Ինձ համար անհասկանալի է, ոչ մեկդ «խաբար» չե՞ք»,- հարցրեց Հովիկ Աբրահամյանը և նկատողություն արեց Կամո Արեյանին՝ իր հետ զուգահեռ խոսելու համար:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը խոստացավ նիստից հետո հարցն առանձին քննարկել վարչապետի հետ, բայց նաև նշեց, որ խոսքը վերաբերում է միայն այս տարի տրամադրվող վարկին: