Մի հին ասացվածք կա. «Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ճիշտ չեն ապրել իրենց կյանքը, մահվանից հետո` որպես պատիժ, ընկնում են նորից Հայաստան»:
Այս ասացվածքը մեր օրերում, պահպանելով իր բուն իմաստը, գործարար շրջանակներում ստացել է նոր որակում`
Այն գործարարները, ովքեր առանց ՏՄՊՊՀ-ի «դաբրո»-ի շահել են տենդերներ, այն շահելուց հետո որպես պատիժ ընկնում են ՏՄՊՊՀ կամ Ջրվեժում գտնվող «Արմենիա» անունը կրող ռեստորան: Որը , ըստ «չար» լեզուների գրեթե նույն բանն է՝ գոնե թե ղեկավարի առումով:
Ի դեպ տնտեսական այս ճգնաժամի ժամանակ նշված ռեստորանը աշխատում է բավականին հաջող, ունի ուրույն հաճախորդներ, հատկապես նրանց մեջ խոնարհությամբ աչքի են ընկնում քաղաքապետարանի կողմից շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթի հաղթողների մեծ մասը:
Նույն գործարար շրջանակներում այս ռեստորանի հետ կապված մի հումոր էլ կա. Ասում են` այս ռեստորանի չգրված գովազդը բավականին ազդեցիկ է , պարտադրող, կանչող`
«Անգամ Հուլիսին պիտի գաք խաշի, թե չէ կթողնեմ ձեզ առանց կաշի»:
Բավականին հետաքրքիր և ուրույն է նաև այս ռեստորանի մենյուն,որը հասարակ քաղաքացու համար գուցե թե լինի անհասկանալի,բայց «Արմենիա» ռեստորանի պարտադրված հաճախորդներն այն միանգամից հասկանում են:
Հերթական յուրահատկությունն էլ այն է, որ «Արմենիա» ռեստորանում երբեք խորովածի ծուխ չես տեսնի ,այստեղ չկա խոհարար ,երբեք չես տեսնի, որ այստեղից սննդի թափոններ թափեն։ Պատճառն այն է, որ այստեղ պարտադրված հաճախորդները վճարում են, որպեսզի չուտեն :
Նշենք առաջարկվող ,չուտվող խորտիկներից մի քանիսը`
-հակամրցակցային կանոնների խախտում
-անբարեխիղճ մրցակցություն
-տույժեր
-չհիմնավորված տույժեր
-մտացածին տույժեր
VIP դահլիճում առաջարկում են չուտել ՝
-խորտիկ «ՏՄՊՊՀ»
-ֆիմային խորտիկ «Շաբո»։
Հաճախորդների պատմելով ֆիրմային խորտիկը ամենադառն է,բայց չեն ուտում բոլորը անխտիր, դե ինչպես գովազդն է ասում,ոչ ոք չի ուզում մնա առանց կաշի և նույնիսկ հուլիսին կգնա խաշի:
Սակայն տնտեսական ճգնաժամը և կոռուպցիայի դեմ պայքարը, այնուամենայնիվ ,որոշակի ազդեցություն ունեցան այս ռեստորանի շրջանառության վրա , բայց հնարամիտ ղեկավարությունն այս իրավիճակի ելքը նույնպես գտավ:Նրանք սկսեցին փոխառություններ տալ այն հաճախորդներին,ովքեր տվյալ պահին չուտելու համար ի վիճակի չեն վճարել:
Այսպես՝
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նշել է,որ իր կնոջ ՝ Քրիստինե Եղիազարյանի դրամական միջոցները, որոնք 2011 թվականին կազմում էին 10 միլիոն ՀՀ դրամ, ապա դրա հաջորդ տարում՝ 10 միլիոն դրամ եւ 13 հազար ԱՄՆ դոլար: 2012-ի հայտարարագրի համաձայն Քրիստինե Եղիազարյանը 20,5 միլիոն դրամի չափով փոխառություններ է հանձնել, իսկ 2013 թվականի հարկային տարվա վերջում՝ 6 միլիոն դրամ եւ 113 հազար դոլար փոխառություն: 2013-ին Քրիստինե Եղիազարյանի եկամուտները կազմել են 8,9 միլիոն դրամ, որից 3,4 միլիոնը փոխառություններից ստացված տոկոսներ են, 5,5 միլիոնը՝ աշխատավարձ: Նախորդ տարվա հայտարարագրի համաձայն, Քրիստինե Եղիազարյանի դրամական միջոցները կազմել են 10 միլիոն դրամ և 13 հազար դոլար:
Ի դեպ, սույն թվականի մայիսի 6-ին ՏՄՊՊՀ նիստում հրապարակվեցին Երևանի Քաղաքապետարանի կողմից շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթների ուսումնասիրության արդյունքները: Հանձնաժողովի որոշմամբ, որը նախագահում էր ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը,մի շարք մրցույթներում,որոնց մասնակցել է շուրջ 144 ընկերություն,մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ հարուցվել է վարչական վարույթ:
Սույնով կարելի է արձանագրել,որ «Արմենիա» ռեստորանի 2015 թ-ի հուլիս- օգոստոս ամիսների խաշի սեզոնը հայտարարվեց բացված:
Շարունակելի