Կառավարության առաջիկա նիստին գործադիրի հավանությանը կներկայացվի «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» ներդրումային ծրագրով նախատեսված Երևան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու՝ Երևանի Բաբաջանյան-Աշտարակ և Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքների իրականացման շահը գերակա ճանաչելու օտարման ենթակա գույքերի և հողատարածքների սեփականատերերի շահերից:
Համաձայն որոշման նախագծի՝ ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց ճանապարհի կառուցման հատվածում գտնվող գույքերի և հողատարածքների օտարման, իսկ նախքան դրանց նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելը անհրաժեշտ է կատարել նախնական ուսումնասիրման աշխատանքներ:
Բացի այդ` նախքան Երևան քաղաքի Բաբաջանյան-Աշտարակ և Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածներում առկա գույքերի և հողատարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման ընդունումը, ըստ նախագծի, պետք է իրականացվի գույքերի և հողատարածքների նախնական ուսումնասիրում որոշման հավելվածում նշված հասցեներում: