ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տաքսու վարորդների խնդրին, ասաց որ անհրաժեշտ է, որպեսզի նրանց աշխատանքը կարգավորող օրենքն ընդունելի լինի բոլորի կողմից և բոլորը լինեն օրինական դաշտում։
«Եթե Դուք նկատել եք, բողոքում են մի քանի փոքր խմբեր։ Ես կարող եմ ասել, որ դրանք անձնական հարցեր են, և մոտ ապագայում ես բոլորին ընդունելու եմ, բոլորի առաջարկները դուք բոլորդ եք լսելու և ինքներդ եք համոզվելու, որ առաջարկները շատ տարբեր են և հանրության կողմից կան առաջարկներ, որ անընդունելի են»,– ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ խումբն առաջարկում է լրացուցիչ բեռ ավելացնել տաքսու վարորդների վրա, մինչդեռ մյուս խումբն էլ առաջարկում է վերացնել այն։ «Մի խումբն ավելի հօգուտ ժողովրդի է խոսում, այսինքն՝ տաքսուց օգտվողների համար, մի խումբը՝ կոնկրետ այդ վարորդների համար, որոնք ընդհանրապես ոչինչ չեն ուզում վճարել։ Եվ այս տարաձայնություններ ես ուզում եմ հավաքենք, մի տեղ ներկայացնենք բոլորին»,– ասաց նա:
Գագիկ Բեգլարյանի խոսքով՝ այս հարցում կան նաև հորինված խնդիրներ։ «Որովհետև այսպես տարբեր բաներ են ասում ... երբ որ Տրանսպորտի և կապի նախարարությունը չի միջամտում, իրենք սկսում են իրար դեմ (խոսել – Tert.am) … Համենայնդեպս, ես էլ եմ ուզում, որ բոլորիս հայտնի լինի, թե ինչն է իրական պատճառը»,– ասաց նախարարը։
Գագիկ Բեգլարյանի խոսքով՝ այս կարգի տարաձայնություններ կային երեք տարի առաջ։ «Եվ մենք բոլորի հետ երկար ժամանակ աշխատեցինք, ծնվեց այս օրենք։ Եթե այս օրենքում էլ լինեն փոփոխություններ, հավատացե՛ք, կլինեն խմբեր, որ այս օրենքի դեմ կբողոքեն, կլինեն խմբեր, որոնք կպաշտպանեն այն։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի այն ընդունվի բոլորի կողմից և բոլորը լինեն օրինական դաշտում»,– ընդգծեց նախարարը։